Փարիզի Ivry-sur-Seine արվարձանում է տեղադրված Ֆրանսիայի ազգային հերոս, հայ ժողովրդի փառավոր զավակ Միսակ Մանուշյանի հուշարձանը:
Տուֆ, բրոնզ: Բարձրությունը՝ 280
Փարիզի ֆաշիստական օկուպացիայի տարիներին ֆրանսիական Դիմադրության շարժման պարտիզանական ջոկատը գլխավորում էր քաջարի Միսակ Մանուշյանը: Ծնունդով նա Արևմտյան Հայաստանից էր, որտեղ նրա ընտանիքի անդամները զոհ էին գնացել 1915թ. Օսմանյան կայսրությունում կազմակերպած հայոց եղեռնին:
Հրաշքով փրկված Միսակը Լիբանանից հետո հայտնվեց Փարիզում:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին նա իր ջոկատով քայքայիչ գործունեություն էր ծավալել Փարիզը գրաված ֆաշիստական օկուպանտների դեմ: Մ. Մանուշյանի դիմադրության խմբում տարբեր ազգության մարդիկ կային՝ռուսներ, լեհեր, հրեաներ, հունգարացիներ, իտալացիներ, իսպանացիներ: Ջոկատի գործունեությունը սարսափի էր մատնել թշնամուն, ովքեր կարողացան հաղթանակի նախօրեին՝ 1944 թվ. կալանել Մանուշյանին իր զինակիցների հետ: Ֆաշիստները նրանց անասելի կտտանքների և ապա մահապատժի ենթարկեցին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ազատագրված երկիրը չմոռացավ պարտիզանների սխրանքը և Մանուշյանը դարձավ Ֆրանսիայի ազգային հերոս: 1976թվ. պատերազմի վետերանների Սովետական կոմիտեն դիմեց Ա.Հարությունյանին՝ ՛՛Ազատության մարտիկ՛՛Միսակ Մանուշյանի արձանը կերտելու խնդրանքով:
Մուգ կարմիր տուֆից պատրաստված հուշարձանն այժմ տեղադրված է Փարիզի Իվրի արվարձանի (Ivry-sur-Seine) զինվորական գերեզմանոցում: 1978թ. Ֆրանսիայի և ԽՍՀՄ իշխանությունները կազմակերպեցին հուշարձանի հանդիսավոր բացումը՝ քանդակագործ Ա. Հարությունյանի և նրա կնոջ՝Ջուլիայի, Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանի, Փարիզի և Իվրի շրջանի քաղաքապետների մասնակցությամբ: Հերոսի բրոնզե ոգեղեն դիմաքանդակը տեղակայված է տուֆե կոթողին, որին դրոշմված է հետևյալ մակագրությունը՝ ՛՛Փառք նրան, ով զոհվեց, որպեսզի Ֆրանսիան ապրի՛՛: Ահա այսպես, արվեստի միջոցով ամրագրվեց պատմական ընդհանրական հիշողությունը:
2014 թվ. պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նա իր խոսքը նվիրեց Արա Հարությունյանի կողմից անմահացված Միսակ Մանուշյանի Ֆրանսիայում երբեք չմոռացվող սխրանքին:
Հասցե՝ Cimetiere d’Ivry, avenue de Verdin,30, Ivry-sur-Seine, Paris, France