Արա Արմենի Հարությունյան – ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ (1928-1999, ծնվել է Երևանում մարտի 28-ին), Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի  Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ԽՍՀՄ  Նկարիչների միության  վարչության անդամ, պրոֆեսոր: Աստծո կողմից շնորհված տաղանդի և տքնաջան աշխատանքի շնորհիվ նա կարողացավ որակական նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի գեղարվեստական մշակույթը և  ХХ դարի կերպարվեստում ներմուծել նոր մտածողություն, քանդակագործական և գրաֆիկական սկզբունքորեն նոր լուծումներ:

ԴԺՎԱՐ Է ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՎԱՐՊԵՏԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ  ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Նրա հեղինակած 40-ից ավել հուշարձանները, կոթողներն  ու հուշարձանային համալիրները զարդարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մոլդավիայի և շատ այլ պետությունների  քաղաքների փողոցները,  հրապարակներն ու զբոսայգիները: Իր գործերում Ա. Հարությունյանն արտացոլել է իր ժամանակի գեղագիտական և քաղաքացիական իդեալները: ՛՛Մայր Հայաստան՛՛ հուշակոթողը դարձավ Հայաստանի խորհրդանիշը: Երևանի ճարտարապետական դիմագծում հուշակոթողի քաղաքաշինական տեսանկյունից առանցքային և գերիշխող դերն է ընդգծել  հայտնի արվեստաբան  Ա. Կամենսկին:  Երևանցիների կողմից ամենասիրված ու ճանաչված  աղբյուր-հուշարձանը նվիրված մեծ աշուղ Սայաթ-Նովային, անջնջելիորեն միահյուսվել է Երևանի ճարտարապետական կերպարին: Ողջ աշխարհում հայտնի  հայկական ՛՛Գրեյթ Վելլի՛՛  կոնյակի ապրանքային նշանն է դարձել Գեղարդում գտնվող ՛՛Առյուծ՛՛ դեկորատիվ  քանդակը:  Դեկորատիվ ու բանաստեղծական են աղբյուր-հուշարձանների կոմպոզիցիաները, որոնցից ՛՛Երևանի և Կարրարայի բարեկամությունը՛՛ տեղադրված է  Իտալիայում՝ Կարրարա քաղաքում (Marina di Carrara):

Նշանակալից ու ինքնատիպ են  նրա քանդակները՝ նվիրված Ֆրանսիայի հակաֆաշիստական Դիմադրության հերոս Միսակ Մանուշյանին (Փարիզի  Ivry-sur-Seine արվարձան)  և Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Սևաստոպոլն ազատագրած Թամանյան 89-րդ Հայկական դիվիզիայի մարտիկներին: 1982թ. քանդակագործը ստեղծում է  ՛՛Փառք աշխատանքին՛՛ հուշարձանը՝ Վլ.Ցելտների բառերով ՛՛ամենագրավիչ հերոսական կերպարը՛՛,   որն ի դեմս  առաջ ընթացող հզոր Բանվորի    դարձավ մարդկային ոգու  ուժի մարմնացումը:
Ականավոր վարպետ- մոնումենտալիստը  դարձավ նաև ճարտարապետա-հուշարձանային հուշահամալիրների հիմնադիրը Հայաստանում: Դրանց շարքում է  1918թ. Սարդարապատի հերոսամարտի հոյակերտ  հուշահամալիրը:  Արվեստների համադրման ճանապարհով Ա. Հարությունյանն իրականացրեց  ՛՛Էրեբունի՛՛ թանգարանի ճակատամասի քանդակազարդումը և Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի քանդակային անսամբլը (թատրոնի մուտքը, Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, ՛՛Հուշկապարիկ՛՛ բարձրաքանդակը):

Հանճարեղ Կոմիտասի կերպարը մշտապես ուղեկցել է Արա Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Դեռևս ուսանողական տարիներից  նա կերտում էր Կոմիտասի կերպարը: Հարությունյանի դիպլոմային աշխատանքը Կոմիտասի հրաշալի մահարձանն էր, որը շահեց մրցույթում և տեղադրվեց երաժշտի շիրիմին՝  հայ մշակույթի գործիչների  երևանյան Պանթեոնում: Անչափ լիրիկական ու խոսուն է  արդեն հասուն տարիքում ստեղծված և Կոնսերվատորիայի այգում տեղադրված  ծիրանի ծառին հենված Կոմիտասի արձանը:

ԱՐԱ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ  ՀԱՋՈՂՎԵՑ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ: Բազմաբնույթ  ու ընդարձակ է  նրա  ժառանգությունը հաստոցային քանդակագործության  ժանրում: Դրանցում տեղ են գտել աշխատանքի մարդուն նվիրված գործերը՝ ՛՛Խաղողագործը՛՛, ՛՛Հաղթողը՛՛, ՛՛Շինարարը՛՛,  և ընդհանրական խորհրդանշական կերպարներ՝ ՛՛Պատանեկություն՛՛, ՛՛Երկիր Նաիրի՛՛, ՛՛Անիի կործանումը՛՛, ՛՛Հետերա՛՛:  Վարպետի աշխատանքներում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայտնի անձանց՝ ՀԽՍՀ ժողովրդական դերասաններ Ֆր. Մկրտչյանի և Ս. Սարգսյանի, բանաստեղծ Վ.Դավթյանի, երգչուհի Լուսինե Զաքարյանի, դստեր՝ Սուսաննայի, ԽՍՀՄ հերոս փորձակող-օդաչու Ռ. Կապրիելյանի, Ֆիլիպինների և Ասիայի առաջին կին նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակները: Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյի կերպարի  վառ ու խորն  արտահայտչականությամբ ստեղծած դիմաքանդակի  համար  Ա.Հարությունյանն  արժանացավ ՛՛Ժողովուրդների բարեկամության՛՛ շքանշանի:

Արա Հարությունյանը գծանկարի փայլուն վարպետ էր:  Մոսկվայում, Երևանում և այլ քաղաքներում  մեծ հաջողությամբ էին անցնում նրա անհատական ցուցահանդեսները, որտեղ  քանդակների կողքին մշտապես ներկայացվում էին նաև  գրաֆիկական աշխատանքները:  Որպես կանոն, ցուցադրություններն անցկացվում էին լավագույն դահլիճներում:    Մոսկվայում՝ Նկարիչների Կենտրոնական տան   և Ռուսաստանի   Գեղարվեստի ակադեմիայի  ցուցադրություններն  արժանացան այցելուների, գործընկերների և արվեստաբանների  բարձր գնահատականին: Ա. Հարությունյանի մասին բազմիցս գրել են այդ տարիների ականավոր  արվեստաբաններ Ա. Կամենսկին, Վ. Ցելտները, Գ.Կնաբեն, Ռ.Աբոլինան,  Ս. Օռլովը, Ի.Իվանովան, Ա.Ստրիգալյովը, Ս.Կապլանովան, Բ.Զուրաբովը, Մ.Այվազյանը և շատ ուրիշները:

Աշխարհի բազմաթիվ թանգարաններում ներկայացված  են  Ա.Հարությունյանի գործերը՝  Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում,  Հայաստանի Ազգային պատկերասրահում, Վանաձորի Կերպարվեստի  թանգարանում և այլուր:

Երկար տարիներ Արա Հարությունյանն աշխատել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Տաղանդավոր մանկավարժը  վարպետության գաղտնիքներն է փոխանցել ոչ մեկ սերնդի երիտասարդ քանդակագործների, որոնցից շատերը  հետագայում ճանաչում են ձեռք բերել   Հայստանում և նրա սահմաններից դուրս: Դեռևս կենդանության  օրոք նրան  Վարպետ էին  կոչում: Արա Հարությունյանի կողքին միշտ մարդիկ էին, որոնց համար անմոռանալի հուշ  էին դառնում  նրա կանխատեսելու շնորհն ու կյանքի  փիլիսոփայությունը,  դատողությունների խորությունն արվեստի,   հայի, և ընդհարապես,   մարդ տեսակի   տեղի ու դերի մասին:  Պատմելու շնորքը, անձնական հմայքն ու արտիստիզմը,  անսպառ եռանդն ու  շողարձակող  էներգետիկան նրա շուրջն էին հավաքում  շատ մարդկանց:  Ա. Հարությունյանն ասում էր.  ՛՛Իմ ստեղծագործության հիմական աղբյուրը ֆանտազիան է: Այն խորհրդանիշների, զգացողությունների և կերպարների աշխարհ է՝ կապված բնության հետ: Բնությունն է արտիստին ընձեռնում ձևի արտահայտման հնարավորությունը… ՛՛

Ա. Հարությունյանի համար սին խոսքեր չէին հայրենասիրությունն ու  սերն իր ժողովրդի հանդեպ:  Նա պաշտում էր Հայաստանը՝ անկեղծ հավատով, որ ապրում է աշխարհի ամենասքանչելի երկրում:

Մի առիթով Արա Հարությունյանը  հրաշալի խոսքեր  նվիրեց իր նկարիչ ընկերոջը, որոնք հավասարապես կարելի օգտագործել հենց իր ապրած կյանքը բնորոշելու համար. ՛՛ Նա իր երկրի արևի  ու քարի երգիչն էր: Մարդ, ով  այդքան բան արեց մեր ժողովրդի համար՝  ծնվել էր ոչ թե կյանքի բարիքներից օգտվելու, այլ ստեղծելու համար, իր ողջ ուժն ու եռանդը, ողջ ստեղծագործական տաղանդը մարդկանց նվիրաբերելու համար՛՛: 

Սուսաննա Հարությունյան, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ

Մինչ օրս Արա Հարությունյանը մնում է Հայաստանի համար 1 քանդակագործը: Նրա ստեղծագործական ժառանգության բարձր արժեքն ու  նշանակությունն են ընդգծել այնպիսի խոշոր արվեստաբաններ և արվեստի  քննադատներ, ինչպիսիք են Վ. Ցելտները, Ա. Կամենսկին, Գ.Կնաբեն, Ռ.Աբոլինան,  Ս. Օռլովը, Ս.Կապլանովան, Բ.Զուրաբովը, Մ.Այվազյանը:

՛՛Հարությունյանի ճարտարապետական և քանդակագործական լուծումներով են պայմանավորված  ժամանակակից Երևանի պլաստիկ-գեղագրական արտահայտչականությունը, խորհրդանիշների լեզուն և պատմական զուգորդումները՛՛ - գրել է արվեստաբան Ա.Կամենսկին: ՛՛ Ճակատագրեր և բնավորություններ՛՛,  ՛՛Տվորչեստվո՛՛, 1983, №7  (ռուս.լ.)

՛՛Արա Հարությունյանի արվեստը, նախ և առաջ, հանդիսանում է օրգանական, ոչնչով չխաթարվող միասնություն:  Նա մեկն է այն վարպետներից, ովքեր նշմարեցին գեղարվեստական փնտրտուքների ուղղությունը և արարման  գործող պրակտիկայում  հաստատեցին արվեստի  նոր գաղափարներ՛՛ - նշում է Նկարչի կենտրոնական տան գլխավոր արվեստաբան  Վ. Ցելտները: ՛՛Արա Հարությունյանի արվեստի աշխարհը՛՛, ՛՛Իսկուսստվո՛՛,1983, №12   (ռուս.լ.)

՛՛Քանդակագործին տրված էր   մարդկանց,  ժողովուրդների ճակատագրերում ու   պատմական հեռու և մոտիկ ժամանակների մթնոլորտներում   մտովի  ներթափանցման  շնորհ:  Նրա քանդակներում կենդանություն էին առնում արևելյան դիցաբանության կերպարները: Նա սեփական արտիստիզմով  էր առարկայացնում Հին Արևելքի մոնումենտալ արվեստի ավանդույթները:  Հարությունյանը ստեղծեց վառ ինքնատիպությամբ առանձնացող իր ոճը:  Նա ստեղծագործական մեծ դիապազոնի տեր էր:  Նրա բոլոր գործերում  զգալի են վարպետությունը, հոգու բարձր թռիչքը, անսպառ եռանդն ու ինքնատիպությունը՛՛ - գրում է արվեստաբան,  Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի  թղթակից-անդամ Սերգեյ Օռլովը: Ա.Ա.Հարությունյանին նվիրված ստեղծագործական հուշ-երեկո: Ժամանակակից ռուսական ճարտարապետության կայք: Մոսկովյան ճարտարապետների միավորում:

Արա Հարությունյանն ասում էր. ՛՛Մարդուն  միշտ ուղեկցում է  ինչ-որ բան  ստեղծելու ներքին պահանջը, իսկ նկարչի դեպքում դրանք ոչ թե  ծրագրեր են, այլ երազանքներ, որոնք նա ձգտում է իրականացնել:  Ես կարծում եմ, որ ստեղծագործողը երբեք չի ծերանում, ինչպես որ չի ծերանում իսկական արվեստի էությունը՝  հավերժական ճշմարտությունը՛՛:  ՛՛ Այս խոսքերը կրում են խորը իմաստ, - գրել է արվեստաբանության դոկտոր Բ.Զուրաբովը: -  Նրանցում հենց ինքը՝ Արա Հարությունյանն է՝ ոգեշնչված, սիրով լցված կյանքի ու մարդկանց հանդեպ,  որոնց և նվիրել է իր արվեստը՛՛: (Բ. Զուրաբով ՛՛Արա Հարությունյան՛՛ մենագրություն, 1986). (ռուս.լ.)

՛՛ Միայն մեծ վարպետը կարող է միահյուսել իր արվեստում  անցյալի մշակութային գանձերի  նկատմամբ խոնարհումը, ժամանակակից կյանքի ռիթմի զգացողությունը և զմայլանքը մարդկային գեղեցկության հանդեպ՛՛: (Ս.Կապլանովա, ՛՛Արա  Հարությունյան: Մ., 1968). (ռուս.լ.)   

Ստեղծագործական կենսագրությունը

Արա Արմենի Հարությունյանը ծնվել է 1928թ. մարտի 28-ին երաժշտի ընտանիքում   (Երևան, Հայաստան): Մահացել է 1999թ. փետրվարի 28-ին Երևանում:
1943–1948 – սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստական ուսումնարանում
1948–1954 – սովորել է Երևանի Պետական գեղարվեստական ինստիտուտում
1952 – Անանիա Շիրակացու արձանի նախագծի համար արժանաժացել է ՀՍԽՀ մշակույթի նախարարության մրցանակի 
1955 – դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ
1955–1966 – դասավանդել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. Գեղարվեստական ուսումնարանում
1957 – Երևանում կայացած երիտասարդության I փառատոնում ՛՛Ուսանողուհու  դիմանակարը՛՛ քանդակի համար ստացել է բրոնզե մրցանակ
1959 – Զբոսաշրջային շրջագայություն Եվրոպայով
1964 – ՛՛Սայաթ-Նովայի՛՛ (Երևան) հուշարձանի համար արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի: Արժանացել է Հայկական ԽՍՀ վաստատակավոր նկարչի կոչման:
1964 – 1967 – Ընտրվել է Հայկական ԽՍՀ Նկարիչների միության  նախագահության անդամ:
1965 – Կարրարայում անցկացվող Քանդակի միջազգային IV ցուցահանդեսի մասնակցության առիթով  ստեղծագործական այց Իտալիա:
1967–1968 – ՛՛Մայր Հայաստան՛՛ հուշակոթողի ստեղծման աշխատանքներ
1969 – ՛՛Սարդարապատի հերոսամարտի՛՛ հուշարձանային համալիրն առաջադրվեց ԽՍՀՄ Պետական մրցանակի
1970 – Շնորհվել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմ՝ ՛՛Էրեբունի՛՛ թանգարանի շենքի հարթաքանդակների համար:   Արժանացել է Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված  ՛՛Աշխատանքի արիության՛՛ մեդալով:
1972 – Ստեղծագործական ուղևորություն Իտալիա՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի խմբի կազմում: ՀՍԽՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչման շնորհում:
1974 – Ստեղծագործական ուղևորություն  Անգլիա՝ ԽՍՀՄ  Նկարիչների Միության  պատվիրակության կազմում:
1974-1999  – Դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
1977 – Ընտրվել է ԽՍՀՄ  Նկարիչների Միության  վարչության անդամ:
1977–1978 – Ստեղծագ ործական ուղևորություն   Ֆրանսիա՝ Միսակ Մանուշյանի արձանի պատրաստման  կապակցությամբ:
1979 – Աշխատել է  ՀԽՍՀ ժողովրդական դերասան Ֆր. Մկրտչյանի դիմաքանդակի վրա:
1981 – Պարգևատրվել է ՛՛Պատվո նշան՛՛ շքանշանով
1982 – Ընտրվել է ԽՍՀՄ  Նկարիչների Միության  վարչության անդամ:
17.03.1988 – Ընտրվել է ԽՍՀՄ և Ռուսաստանի   Գեղարվեստի ակադեմիայի թղթակից- անդամ: Ստացել է պրոֆեսորի կոչւոմ:
1988 – Ստեղծագործական ուղևորություն   Մալազիա, Սինգապուր, Ֆիլիպիններ: Աշխատել է Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյի  դիմաքանդակի վրա: Պարգևատրվել է ՛՛Ժողովուրդների բարեկամության՛՛ շքանշանով:
1988 – Իրականցրել է Երևանի  կոնսերվատորիայի այգում տեղադրված  Կոմիտասի արձանի ստեղծման  աշխատանքները:
1989 – Աշխատել է ջութակահար Զարե Սահակյանցի դիմաքանդակի վրա:
Հետմահու
26.11.2013 – Արա Հարությունյանին նվիրված հուշ-երեկո Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում :
24.11.2014 – Ա. Հարությունյանի անվան  քանդակագործական արվեստանոցի հանդիսավոր բացումը Երևանի Գեղարվեստի Ակադեմիայում
24.03.2015 – Հայ Առաքելական եկեղեցու  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի  հովանու ներքո  Ա. Հարությունյանի գործերի (քանդակ, գծանկար) ցուցահանդես՝ ՛՛Արա  Հարությունյան. Եղեռնի թեման  ստեղծագործական ժառանգության մեջ ՛՛, Հայկական տաճարային համալիրի թանգարան: Մոսկվա, Օլիմպիական պողոտա 9:
22.09.2015 – Արա Հարությունյանի անհատական ցուցահանդես՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանն անցկացված ընդունելության շրջանակներում:  Մոսկվա:

 

Մասնակցությունը ցուցահանդեսներում
 
1950 – Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյակին նվիրված հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես: Երևան:
1953 – Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես: Երևան:
1954 – Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես: Երևան: ԽՍՀՄ Գեղարվեստի ինստիտուտների ուսանողների աշխատանքների համամիութենական ցուցահանդես: Մոսկվա:
1956 – Հայկական ԽՍՀ կերպարվեստի ցուցահանդես (Մոսկավայում անցկացվող հայկական արվեստի և գրականության տասնօրյակի շրջանակներում): Մոսկվա:

 

 

1957 – Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 40-ամյակին նվիրված հոբելյանական գեղարվեստական ցուցահանդես, Երևան: Ուսանողության և երիտասարդության VI համաշխարհային փառատոնին նվիրված համամիութենական գեղարվեստական ցուցահանդես, Մոսկվա:  Խորհրդային նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Պեկին:
1958 – Անդրկովկասյան  հանրապետությունների երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Թբիլիսի:
1960 – Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված  հայկական խորհրդային  կերպարվեստի հոբելյանական  ցուցահանդես: Երևան
1962 –  Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես: Երևան
1963 – Հայկական ԽՍՀ  չորս նկարիչների ցուցահանդես: Երևան:
1964 – Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես՝ ՛՛ Մեր երիտասարդ ժամանակակիցը՛՛: Երևան
1965 – Հայկական ԽՍՀ կերպարվեստի ցուցահանդես (Բուլղարիայում  անցկացվող հայկական արվեստի և գրականության տասնօրյակի շրջանակներում): Սոֆիա, Պլովդիվ:
1968 – Հայկական ԽՍՀ կերպարվեստի ցուցահանդես (Ղազախստանում անցկացվող հայկական արվեստի և գրականության տասնօրյակի շրջանակներում): Ալմա-Աթա:
1969 – Հայկական ԽՍՀ կերպարվեստի ցուցահանդես (Հայստանի և Մոլդովիայի մշակույթի օրերի շրջանակներում),  Քիշինև: Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 100-ամյակին, Երևան:
1970 – Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 40-ամյակին նվիրված  հայկական խորհրդային  կերպարվեստի հոբելյանական  ցուցահանդես,Երևան: Լենինի 100-ամյակին նվիրված  ՀՍԽՀ նկարիչների ստեղծագործությունների  հոբելյանական ցուցահանդես, Երևան:
1971 – Հայաստանի նկարիչների մեկական աշխատանքի հանրապետական ցուցահանդես, Երևան: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նկարիչների ցուցահանդես՝ նվիրված ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին, Մոսկվա:
1972 – 15  հանրապետությունների  նկարիչների ստեղծագործությունների  ՛՛Հոբելյանական գարուն՛՛ ցուցահանդես՝  նվիրված ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակին, Երևան, Մոսկվա:
1973 – Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես: Երևան:
1975 – Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես ՝ ՛՛Մեծ հաղթանակի 30 տարին՛՛՝ նվիրված  1941-1945թթ Հայրենական Մեծ պատերզմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին, Երևան:
1976 – Հայաստանի նկարիչների մեկական աշխատանքի ցուցահանդես, Երևան: ՛՛Փառք աշխատանքին՛՛ հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես,Երևան: ՛՛Փառք աշխատանքին՛՛ համամիութենական   գեղարվեստական ցուցահանդես, Մոսկվա:
1977 – Գծանկարի հանրապետական  ցուցահանդես, Երևան: Հայ նկարիչների ստեղծագործությունների  հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 60-ամյակին, Երևան:
1980 – Լենինի 110-ամյակին նվիրված  հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես: Երևան:   Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 60-ամյակին նվիրված  հայկական  խորհրդային  կերպարվեստի հոբելյանական  ցուցահանդես: Երևան
1982 – Անհատական ցուցահանդես, Երևան:ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված  համամիութենական գեղարվեստական ցուցահանդես՝  ՛՛ԽՍՀՄ-ը  մեր Հայրենիքն է՛՛,  Մոսկվա: ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես՝  ՛՛ԽՍՀՄ-ը  մեր Հայրենիքն է՛՛, Երևան:  Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես՝  ՛՛Նկարիչները ժողովրդին՛՛, Մոսկվա:
1983 – Լայնամասշտաբ անհատական ցուցահանդես  Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը, Մոսկվա: ՛՛Քանդակ- 83՛՛  համամիութենական ցուցահանդես , Մոսկվա:  Հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես նվիրված Հայաստանի Նկարիչների միության հիմանդրման 50-ամյակին,Երևան:
1984 – ՛՛Երկիրն  ու մարդիկ՛՛ հանրապետական  գեղարվեստական ցուցահանդես ,  Երևան: ՛՛ Երկիրն ու մարդիկ՛՛ համամիութենական  գեղարվեստական ցուցահանդես,, Մոսկվա:  Հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Բեռլին, Վիեննա:
1985 – Ցուցահանդես՝  ՛՛Խորհրդային Հայաստանի կերպարվեստը՛՛, Մոսկվա:
1995 – Անհատական ցուցահանդես   ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի  ցուցասրահներում, ՌԴ:

Հետմահու

26.11.2013 – Արա Հարությունյանին նվիրված հուշ-երեկո Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայում :
24.03.2015 – Հայ Առաքելական եկեղեցու  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի  հովանու ներքո  Ա. Հարությունյանի գործերի (քանդակ, գծանկար) ցուցահանդես՝ ՛՛Արա  Հարությունյան. Եղեռնի թեման  ստեղծագործական ժառանգության մեջ ՛՛, Հայկական տաճարային համալիրի թանգարան: Մոսկվա:
22.09.2015 – Արա Հարությունյանի անհատական ցուցահանդես՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանն անցկացված ընդունելության շրջանակներում: Ք. Մոսկվա:

17.11.2017 - 24.11.2017 - ԱրաՀարությունյանիաշխատանքների «Արևըքարում» ցուցադրումովբացվեցինՀայաստանիմշակույթիօրերըՌուսաստանում, Մոսկվա

31.03.2018 - 10.05.2018 - Գաֆէսճեանարվեստիկենտրոնումտեղիունեցավ «ԱրաՀարությունյան. Մոնումենտալերևակայում» ցուցադրությունը ,Երևան