Պատկերաքանդակ, կոփածո պղինձ,տուֆ: Բարձրությունը 22մ
Տեղադրված է Երևանի Հաղթանակի զբոսայգում:
՛՛Մայր Հայաստան՛՛ հուշակոթողը դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Հուշակոթողի քաղաքաշինական գերակա դերը Երևանի ճարտարապետական նկարագրում բարձր է գնահատել ականավոր արվեստաբան Ա. Կամենսկին: (Ա. Կամենսկի. ՛՛Ճակատագրեր և բնավորություններ՛՛, ՛՛ Տվորչեստվո՛՛, 1983,№7 ռուս.լ.)
Երևանում արձանը կանգնեցվեց 1967 թվականին՝ 1950-ականների սկզբներին կառուցված մոնոլիտ պատվանդանի վրա: Մտահղացումը պայմանավորված էր Հաղթանակի հուշարձան հիմնադրելու կապակցությամբ: Պատվանդանի ներսում գործում է ՛՛Հայ ժողովուրդը 1941–1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում՛՛թանգարանը:
՛՛Մայր Հայաստանը՛՛հայրենի հողի պաշտպանությանը կանգնած հայուհու հավաքական կերպարն է, որտեղ քանդակագործն արտացոլել է ներքին ուժ, կամք ու խիզախություն: Մայրության գաղափարը խորապես միահյուսված է Հայրենիքի պաշտպանության մղումին: Հուշակոթողն առանձնանում է ձեռքերի ոճավորված կերպով և հագուստի պարզ ու անպաճույճ գծերով: Հարությունյանի մտահղացմամբ ուղիղ անկյան տակ արված աջ ձեռքի թեքությունը խորհրդանշում է կնոջ ուժն ու վճռականությունը և Հայրենիքի հզորությունը: Կնոջ ճակատին ամրացված է նրբաթերթ ոսկով պատված կիսաշրջանաձև նշան:
՛՛Մայր Հայաստանի՛՛տեղադրմամբ իրականացավ հզոր ինտուիցիայով և կանխագուշակման շնորհով օժտված Ա. Հարությունյանի զարմանալի կանխատեսումներից մեկը: Ստալինի արձանի ապամոնտաժման ժամանակ (հիմա արդեն քչերը գիտեն, որ նույն այդ պատվանդանին կանգնած էր՛՛ժողովուրդների հոր՛՛ հուշակոթողը) նա ասել էր՝ ՛՛Այս տեղը զբաղեցնելու է իմ աշխատանքը՛՛: