Հայրս համոզված էր, որ մահից հետո կա տիեզերքում մարդու վերածնման հետ կապված այլ կյանք: Մի անգամ, ամառանոցի պատշգամբում նստած, հայացքը հառած հեռուներին, նա իմ ուշադրությունը հրավիրեց անսովոր հետագծով շարժվող մի աստղի վրա: Աստղը չընկավ, այլ երկրաչափական հստակ ուղղությամբ վայրէջք կատարեց Արա լեռան գագաթին՝կապտավուն լույս արձակելով: Հայրս ինձ առաջարկեց նկարել աստղն այնպես, ինչպես տեսա: Միաժամանակ մատիտը ձեռքը վերցնելով նա ևս սկսեց նկարել՝մեր նկարները համեմատելու համար: Երկուսս էլ պատկերել էինք թռչող ափսեի նմանվող, գրեթե միանման ինչ-որ մի ապարատ: Մենք երեխաների պես հրճվում էինք՝ համոզելով մեկս մյուսին այլերկրային քաղաքակրթությունների իրական գոյության մասին: Տարիներ են անցել, հայրիկն այլևս մեզ հետ չէ… Բայց ես հավատում եմ, չհավատալ չեմ կարող, որ հայրս չէր կարող անհետանալ անէության մեջ. նա գտել է իր տեղը աշխարհաստեղծման տիեզերական համակարգում… ես դա զգում եմ մինչ օրս: